Դասական երգչուհի, «Հայաստանյան ձայներ» նախագծի գեղարվեստական ղեկավար ՍՏԵՖԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ զրուցեցինք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցած դասական երաժշտության համերգից հետո: «Հայաստանյան ձայները» հիմնվել է 2008-ին: Այս տարիներին 20 բարեգործական համերգ է իրականացրել` տարբեր ծրագրերով: Ծրագրի հիմքում հայկական երաժշտական արվեստն է:
-Կան երգեր, որ հավերժ են ապրում, ո՞րն է գաղտնիքը:
-Սերը:
-Դասական երգարվեստն ունի՞ ունկնդիր Հայաստանում:
-Այո, այսօր դասական արվեստն ունի ունկնդիր (ինքներդ տեսաք), մի քանի տարի առաջ չուներ: Դրա համար էլ նախագիծը սկսեցինք: Իհարկե, միայն մեր նախագծով չի պայմանավորված այդ շարժը: Մարդիկ հոգնել են ցածրորակ երաժշտությունից: Քաղաքում մեծացել է հետաքրքրությունն առհասարակ դասական արվեստի նկատմամբ` լինի թատրոն, ցուցահանդես, կինո, թե երգ ու պար:
-Երաժշտությունը կոփում է հոգին կամ հակառակը` ձևափոխում, վնասում է այն: Համամի՞տ եք:
-Բոլոր այն գործերը, որ ապրում են հավերժ, անցել են մեծ տառապանքի և մեծ սիրո ուղի: Եթե արվեստագետը մարդկանց չի սիրում, աշխարհը չի սիրում, իր ներսում չունի խաղաղություն, նրա տված երաժշտությունը կարճ կյանք է ունենում, ինքը ոչինչ չի կարող տալ մարդուն, աղավաղում է այն արվեստը, որին դիպչում է: Ինչպես որ, երբ երեխային առանց սիրո ես մոտենում, լաց է լինում: Իսկ երաժշտությունն ինքնին հավերժ է և ապրեցնող:
-Ասում են` երգը նաև աղոթք է:
-Այո, աղոթք է, ու պիտի պատրաստ լինես մոտենալու այդ սրբությանը:
-Կոմիտասի երաժշտությունը…
-Կոմիտասը հավաքել, մշակել ու պահպանել է հայկական երգերը, մեր ազգի մշակույթը, շնորհիվ նրա ունենք ամենահիմնավոր գանձը: Մեր հայտնի երգահանների նույնիսկ ամենաբարդ գործերում հայկական մաքուր երաժշտությունն է` հայկական մոտիվները:
Այդ երգերի մոտիվներով այսօր կվարտետն էր նվագում, ես էի երգում, այդ երգերի մոտիվներով մեծ գործեր են ստեղծվում:
-Համերգներ ունեցե՞լ եք Հայաստանի սահմաններից դուրս:
-Շրջագայել եմ Հունաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, ներկայացրել եմ կոմիտասյան երգեր, հոգևոր երգեր:
-Դրսի հանդիսատեսի մասին ի՞նչ կասեք:
-Ավելի են տեղ տալիս դասական երաժշտությանը, բայց, ինչպես նշեցի, հիմա շատ մեծ պրոգրես կա նաև Հայաստանում:
-Օտարերկրյա արվեստագետները, արվեստասերները գիտե՞ն Կոմիտասին:
-Այո, մեզնից լավ: Հյուրախաղերի ժամանակ նրանք հայաստանան երաժիշտներից, նվագախմբերից ուզում են առաջինը ազգայինը լսել: Այստեղ էլ, երբ զբոսաշրջիկները գալիս են, չեն ուզում իտալական և այլ երաժշտություն լսել, նրանք գուսանական են լսում, ժողովրդական, Կոմիտաս են լսում: Արտասահմանում շատ լավ գիտեն Կոմիտասին` թե՛ մեծ նվագախմբերը, թե՛ երգիչները: Գերմանիայում ամեն տարի Կոմիտասի անվան մրցույթ է անցկացվում, երգում են Կոմիտասի երգերը, ես էլ գուցե մասնակցեմ:
-Մեր օրերում փիար ասվածը շատ կարևոր է, մաքուր, իրական արվեստը նույնպե՞ս գովազդի կարիք ունի:
-Իհարկե, բայց լավ համերգը, լավ արվեստը ինքնին փիար է:
-Ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը հավանո՞ւմ եք:
-Բոլորի արվեստն էլ հավանում եմ` Ստեփան Ջրբաշյան, Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Տիգրան Մանսուրյան և այլք:
-Արտ-թերապիայում օգտագործվում է, այսպես ասած, հանգստացնող երաժշտությունը: Ի՞նչ կասեք երաժշտական արվեստի բուժիչ հատկության մասին:
-Եթե երաժշտությունը հանգստացնում է, ուրեմն լավ է: Ոչ միայն երաժշտությունը: Տաղանդավոր նկարչի կտավը կարող է վախեցնել, եթե նրանում ագրեսիա լինի: Կարևոր է, թե ինչ ես փոխանցում դու քո արվեստով, ինչ իմաստ է դրված նրանում: Մեր համերգները միշտ լիքը դահլիճներում են անցնում, ոչ ոք չի հոգնում, չի ձանձրանում: Ես միայն տեխնիկա ունեցող երգիչների չեմ հրավիրում, կարևորում եմ հոգևոր արժեքները, կարո՞ղ է նա զգալ Կոմիտաս, Մոցարտ, Սայաթ-Նովա: Եթե երգում ես «Չկա քիզ նման», դու պիտի զգաս, որ չկա «քիզ նման», ոչ թե մեխանիկորեն կրկնես:
-Իսկ երբ 10 տարեկան երեխա՞ն է երգում Սայաթ-Նովա:
-Չեմ ընդունում դա: Գիտեք, որ ես մանկական երգեր եմ գրում: Կարծում եմ` պետք է երեխաների համար տարբեր ժանրերի երգեր գրվեն, նաև` ժողովրդական:
-Վատ երգ լսելիս նյարդայնանո՞ւմ եք, ինչի «պակասն» այսօր չունենք:
-Դա արվեստ չէ: Ես ընդունում եմ այն երաժշտությունը, որի մեջ հոգի կա` լինի ջազ, էստրադա, թե ինդոնեզական երաժշտություն: Իսկ հոգի դնելը հեշտ չէ: Այսօր վճարում ես, երկու օրում երգ են գրում: Դա բիզնես է, երգ չէ, արվեստ չէ: Որ երգի մեջ հոգի լինի, պիտի մի բան տեսնես, ապրես, ցավես, պիտի կյանք լինի մեջը, իմաստ, ասելիք, որ մարդկանց տալու բան ունենաս:
-Մտածե՞լ եք, եթե Կոմիտասը ներկա լիներ ձեր համերգին, ի՞նչ կասեր:
-Ես երևի չէի երգի, եթե նա այստեղ լիներ: Այնքան շատ եմ սիրում Կոմիտասին, աստվածային մարդ է, այնքան բան է տվել մեզ, չգիտեմ, երևի չէի կարողանա երգել, շատ դժվար հարց է:
-Այսօր երգն ամենուր է: Հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը հասանելի են դարձնում բոլոր երգերը: Ինչ-որ ժամանակ ուզածդ երգը չգիտեիր ինչպես ձեռք բերել, կամ գոնե մեկ անգամ լսել: Սա լա՞վ է, թե՞ վատ:
-Եթե մի բան տեղի է ունենում, զարգացում է ապրում` լավ է: Մենք չենք կարող կանխել: Ստեղծվեցին սինթեզատորներ, մարդիկ սկսեցին մշակումներ անել, բոլորը սկսեցին երգել: Երաժշտությունը, երգելը օգտակար են, բուժիչ: Եթե մարդիկ սիրում են երգել, ի՞նչ վատ բան կա դրանում: ՈՒղղակի ոչ պրոֆեսիոնալ երգը չպետք է ասպարեզ դուրս գա, թող երգեն կարաոկեում, թող Youtube-ում էլ լինի, ում պետք է` կլսի:
Բայց չեմ ընդունում, երբ տարածվում է ոչ պրոֆեսիոնալ երաժշտությունը, երբ երեխաներին են այդպես դաստիարակում, եթերն են լցնում այդ երաժշտությամբ: Իսկ երգել բոլորն էլ կարող են: Ես էլ սիրում եմ նկարել, չնկարե՞մ:
-Ծրագրերի մասին:
-Տարին երեք-չորս համերգ ենք ունենում, ներկայացնում ենք և՛ հին երաժշտություն` բարոկկո ոճի, և՛ հայկական, և՛ արևմտաեվրոպական: Մեր համերգները բարեգործական են: Եթե հովանավորներն ավելի շատ լինեն, ծրագիրն ավելի կընդլայնենք: Մարդկանց պետք է հաճույք պատճառել, հնարավորություն տալ` լսելու լավ երաժշտություն: Ցանկալի է նաև նման համերգներին եթեր տրամադրել: Մենք լավ հանդիսատես ունենք: Երբևէ դահլիճը դատարկ չի եղել: ՈՒղղակի, ինչպես և ասում էիք, պետք է մի քիչ պրոպագանդել:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ